Рубрика: Պատմություն

Թեմա 28. Հայոց մեծ եղեռնը

Արևմտահայության ոչնչացման ծրագիրը պետականորեն մշակվել ու նախապատրաստվել էր թուրքական կառավարող ուժերի կողմից մինչև Առաջին աշխարհամարտի մեջ Թուրքիայի պաշտոնապես մտնելը: «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն այդ ծրագիրը հաստատել էր դեռ 1910-1911թթ. Սալոնիկում կայացած իր գաղտնի ժողովներում: 1914թ. հոկտեմբերին երիտթուրք առաջնորդներից կազմվեց Երեքի գործադիր կոմիտեն (Թալեաթ փաշա, Էնվեր փաշա, Ջեմալ փաշա), որին հանձնարարվեց իրականացնել հայերի բռնագաղթն ու կոտորածները: Ստեղծվեց նաև «Հատուկ կազմակերպությունը», որի մեջ ընդգրկվեցին բանտերից ազատված և քրեական անցյալ ունեցող հանցագործ տարրերը: Ըստ ծրագրի ցեղասպանությունը պետք է ընթանար երեք փուլով:

Առաջին հերթին որոշվել էր ոչնչացնել կռվելու ունակ հայ երիտասարդներին: Մոտ 300 հազար հայ (18-45 տարեկան) զորակոչվել էր օսմանյան բանակ: 1914թ. վերջից սկսած՝ երիտթուրքերը նրանց մեծամասնությանը զինաթափեցին, տեղափոխեցին թիկունք և ոչնչացրեցին։ Մյուս քայլով երիտթուրքերը ձեռնամուխ եղան հայության ազգային, քաղաքական և հոգևոր ղեկավար գործիչների վերացմանը: Իսկ վերջին քայլով նրանք ոչնչացրեցին մանկահասակ երեխաներին, կանանց և ծերերին: 1915թ. ապրիլի 11-ին (նոր տոմարով՝ ապրիլի 24-ին) Կ. Պոլսում ձերբակալվեցին բազմաթիվ մտավորականներ: Բազմաթիվ մտավորականներ այդ օրվանից հետո դաժանաբար սպանվեցին: Ապա սկսվեց ցեղասպանական մեծածավալ գործողությունը համատարած կոտորածներ, բռնի տեղահանություն և աքսոր: Այսպիսով՝ հայերի Մեծ եղեռնը փաստացի սկսվել է 1914թ. հոկտեմբերի վերջին և շարունակվել մինչն 1916թ. ամառը։ Ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանում ապրող 2.5 միլիոն հայերից անմեղ զոհվեցին 1․5 միլիոնը: Ցեղասպանության հետևանքով առաջացավ հայկական սփյուռքը: Մինչ օրս ընթանում է հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործընթաց: Առաջինը այն պաշտոնապես ճանաչել և դատապարտել է լատինական Ուրուգվայը՝ 1967 թվականին։

Рубрика: Պատմություն

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

1914թ. օգոստոսի 1-ին սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը: Այն անարդարացի և զավթողական պատերազմ էր, ընթանում էր երկու խմբավորումների՝ Անտանտի և Եռյակ (հետո՝ Քառյակ) միության միջև: Թուրքիան, որը քառյակի մեջ էր, մտադիր էր թուրքալեզու մահմեդական ժողովուրդներին միավորել «Մեծ Թուրան» պետության մեջ: Պանթյուրքական ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը, ուստի Թուրքիայի պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից. այն ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները, տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ.Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերը Իրանում:

Հայոց ազգային բյուրոն Հովսեփ Արղությանի ղեկավարությամբ կազմակերպեց հայ-կամավորական շարժումը: Կամավորական շարժման գլխավոր նպատակն էր Ռուսաստանի հովանու ներքո հայկական ինքնավարության ստեղծումը: Կամավորներ էին գալիս Ռուսաստանի ամենատարբեր վայրերից, Բալկաններից և հեռավոր ԱՄՆ-ից: 1914թ. նոյեմբերին արդեն ձևավորվեցին կամավորական չորս ջոկատներ: Առաջին ջոկատը ստեղծվեց Անդրանիկի հրամանատարությամբ: Երկրորդ ջոկատը ղեկավարեց Դրոն: Երրորդ ջոկատի հրամանատար դարձավ Համազասպը, իսկ չորրորդ ջոկատինը՝ Քեռին: Պահեստային ուժերի հիման վրա ձևավորվեցին հինգերորդ և վեցերորդ ջոկատները: Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը, իսկ վեցերորդ ջոկատինը՝ Արշակ Ջանփոլադյանը: Հայ կամավորները կարևոր ներդրում ունեցան ռուսական զորքի տարած հաղթանակներում: Կամավորներից մոտ 800-ն իր կյանքը տվեց հանուն ապագա անկախ Հայաստանի:

Рубрика: Պատմություն

Թեմա 26. Հայդուկային շարժումը

Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հաստատած արյունալի վարչակարզի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի, որը ստացավ հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետնակ) կամ ֆիդայինները (արաբերեն՝ զոհ, ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքր խմբերով պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։ Ազգային կուսակցությունները, հատկապես դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը: 1880-ական թթ. վերջին Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգում, առաջացան զինված ջոկատներ՝ չելլոներ անունով։ Չելլոներում ընդգրկված հայ ֆիդայինները ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի չառաջացնեն թուրքական իշխանությունների վրեժխնդրությունը հայության նկատմամբ:

Նշանավոր հայդուկապետ Արաբոն ծնվել է 1863թ. Սասունի Կոռնթեր (Կուռթեր) գյուղում, կռվել է չելլոների կազմում: Արաբոն շուտով անհայտ վրիժառուից դառնում Է հայդուկապետ: 1893թ.-ին Արևմտյան Հայաստան մտնելիս, նրա ջոկատն ընկնում է շրջափակման մեջ: Նա և 16 ֆիդայինները հերոսաբար զոհվում են: 1890-ական թթ. մեծ ժողովրդականություն ձեռք բերած ֆիդայապետերից էր Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, ծնվել է 1864թ): Նրա ծննդավայրը Նեմրութ լեռան լանջին ընկած Սոխորդ գյուղն էր: Նա ընդգրկվում Է Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի մեջ: Նրա գործունեությունից անհանգստացած՝ իշխանությունները ջանք չեն խնայում «Նեմրութի հսկային» վերացնելու համար: 1899թ. Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են: Անդրանիկ Օզանյանը հայդուկային շարժման պայծառ դեմքերից էր։ Ծնվել է 1865թ. Շապին (Կարահիսար) քաղաքում: Սկզբում կռվել է տարբեր խմբերում, ապա միացել Աղբյուր Սերոբին: Հայտնի Է հայդուկային կռիվների վերաբերյալ նրա հեղինակած «Մարտական հրահանգներ»» կանոնագիրքը: 1904թ. գլխավորել է Սասունի ապստամբությունը: Նշանավոր հայդուկապետեր են Գևորգ Չավուշը (ծնվել է 1870թ. Սասունի Մկդենք գյուղում), ինչպես նաև Հրայր Դժոխքը (ծնվել է կրկին Սասունում), ովքեր նույնպես մասնակցել են Սասունի ապստամբությանը: Կարինից հայտնի է նաև Արշակ Գավաֆյանը՝ Քեռին։